Tuesday, December 3, 2013

Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ  և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման
Այս պահին Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական  պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։ 
Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսված են ավագ օգնականի և օգնականի մեկական հաստիքներ, որոնք օժանդակում են դատավորին իր լիազորությունների կատարման ընթացքում։ Դատավորի ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ։ 
Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները։ 
Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1. ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2. հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
3. ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
4. Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
5. վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
6. ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
8. վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
9. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

No comments:

Post a Comment