Wednesday, February 5, 2014

Համամոլորակային հիմնախնդիր: Կլիմայական փոփոխություն:

Կլիման  եղանակի բազմամյա ռեժիմ է, որը որոշվում է տեղանքի աշխարհագրական լայնությամբ, օվկիանոսից ունեցած հեռավորությամբ, ցամաքային ռելիեֆով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ և մի շարք այլ գործոններով: Կլիմայի աննշան փոփոխությունները երկար ժամանակահատվածում թույլ են տալիս համարել նրան տվյալ տեղանքի կայուն բնութագիր: Այդ պատճառով կլիման հանդիսանում է աշխարհագրական լանդշաֆտի բաղադրիչներից մեկը:Մեր մոլորակի կլիման միշտ փոփոխվել է բնական ճանապարհով:  Սակայն գիտնականները գտնում են, որ ներկայումս տեղի է ունենում կլիմայի նոր տիպի փոփոխություն: Այն մարդկանց և էկոհամակարգերի վրա կտրուկ ազդեցություն ունի:
Մարդու գործունեության հետեւանքով առաջացող ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն (CO2) առաջանում է հանածո վառելիքից` էներգիա ստանալու ընթացքում, անտառների հատման ու այրման հետեւանքով: Մեթանը եւ ազոտի ենթօքսիդն արտանետվում են գյուղատնտեսական գործունեության և հողօգտագործման մեջ:
Ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակն արդեն հանգեցնում է կլիմայի փոփոխության:
Դիտարկումները ցույց են տալիս, որ 20-րդ դարի ընթացքում գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0,6 OC: Առկա են նոր եւ առավել համոզիչ փաստեր, որոնք վկայում են, որ վերջին 50 տարվա ընթացքում դիտարկվող տաքացումը մարդու գործունեության արդյունք է:
Ըստ կլիմայական մոդելների կանխատեսվում է, որ 2100 թ. գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 1,4-5,8 OC: Այս փոփոխությունը մեր մոլորակի վրա կլինի, վերջին 10 հազար տարվա ընթացքում, դիտարկված կլիմայի փոփոխություններից ամենաընդգրկունը: Կլիմայական մոդելների օգնությամբ կատարած այս կանխատեսումը հիմնվում է արտանետումների հետագա աճի հիմնական շարժիչ ուժերի (բնակչության աճ եւ տեխնոլոգիական փոփոխություններ) մասին եղած մի շարք ենթադրությունների վրա:
Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար ներկայումս հնարավոր են վեց հիմնական ռազմավարական մոտեցումներ: Կարող են ձեռնարկվել կորուստները կանխելու միջոցներ. օրինակ, ծովի մակարդակի բարձրացման դեմ պատնեշներ կառուցելով կամ անտառապատելով հողմնահարված լեռնալանջերը: Հնարավոր է կորուստը կրճատել` այն հասցնելով ընդունելի մակարդակի. այդ նպատակով կարելի է նաեւ փոփոխել գյուղատնտեսական մշակաբույսերի կազմը, որպեսզի երաշխավորվի նվազագույն բերք` նույնիսկ ամենավատ պայմաններում:

No comments:

Post a Comment